Հանրային ընկալման ուսումնասիրությունը

Մեր նպատակը Հայաստանին ուղղորդելն է դեպի կայուն և ներառական զարգացում՝ կլիմայական և բնապահպանական արդյունավետ գործողություններին աջակցելու ճանապարհով։ «Կանաչ օրակարգ» ծրագրի շրջանակում մենք իրականացնում ենք հանրային ընկալումների ուսումնասիրություններ, մշակում ենք երկրի առանձնահատկություններին համապատասխան ռազմավարություններ և տրամադրում ենք դրանց իրականացմանն անհրաժեշտ աջակցություն՝ Հայաստանի կանաչ անցումը համադրելով ԵՄ քաղաքական և իրավական չափորոշիչներին։

Հանրային ընկալման ուսումնասիրությունը

«Կանաչ օրակարգի» հանրային ընկալման ուսումնասիրությունը խորը պատկերացում է տալիս երկրում կլիմայի փոփոխության, շրջակա միջավայրի պաշտպանության, էներգետիկ անվտանգության և ԵՄ հետ համագործակցության վերաբերյալ հանրային կարծիքի և վարքի մասին։ Ուսումնասիրությունը դուրս է գալիս զուտ քաղաքական վերլուծության շրջանակներից՝ դիտարկելով հասարակական պատրաստակամությունը, խոչընդոտներն ու հնարավորությունները, որոնք ձևավորում են Հայաստանի կանաչ անցման և կլիմայական նպատակների իրագործման ընթացքը։

Ուսումնասիրությունը ներառում է՝

  •  Հանրության տեղեկացվածությունն ու ներգրավվածությունը կլիմայի փոփոխության հարցերում
  •  Վստահությունը բնապահպանական տեղեկատվության աղբյուրների հանդեպ
  •  Կլիմայի փոփոխության պատճառների և հետևանքների ընկալումը տարբեր սոցիալական և տարիքային խմբերի կողմից
  •  Բնապահպանական ոլորտում գործող տարբեր կառույցների առաջնահերթությունների և արդյունավետության գնահատականները
  •  Վերաբերմունքը էներգետիկ անվտանգության և էներգախնայողության նկատմամբ
  •  Կանաչ նախաձեռնություններին մասնակցելու պատրաստակամությունն ու մասնակցությանը խոչընդոտող հիմնական գործոնները



Ստացված արդյունքները բացահայտում են հասարակության առջև ծառացած հիմնական մարտահրավերները, ընդգծում համագործակցության հնարավորությունները և հիմք են ծառայում Հայաստանի կայուն զարգացման և արդյունավետ կլիմայական քաղաքականության համար շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մշակվող ռազմավարություններին։ Ուսումնասիրությունը հիմնված է Հանրապետության մասշտաբով իրականացված հարցումների վրա՝ ապահովելով Հայաստանի կանաչ անցման գործընթացում հանրային ընկալումների համապարփակ և ներկայացուցչական պատկերը։